Եղրևանու լիկյոր

Եղրևանու (յասաման) լիկյորն ունի եղրևանու թույլ արտահայտված բույր ու նուրբ համ։ Այն կարելի է օգտագործել ինչպես ոգելից խմիչք, այնպես էլ որպես բաղադրիչ՝ տարատեսակ աղանդերների պատրաստման համար։

Տարբերակ 1

Եղրևանու լիկյոր պատրաստելու համար անհրաժեշտ են՝

եղրևանու ծաղիկներ – 1 բաժակ

կիտրոն – 1 հատ

շաքարավազ – 200 գ

օղի – 0,5 լ։

Եղրևանու լիկյորի պատրաստման եղանակն է․

ապակե տարայի մեջ լցնել եղրևանու ծաղկաթերթերը, ավելացնել շաքարավազը, կիտրոնի հյութը և օղին։ Փակել կափարիչով ու պահել մութ տեղում՝ ժամանակ առ ժամանակ տարան թափահարելով, որպեսզի շաքարավազն ամբողջությամբ լուծվի օղու մեջ։

4 շաբաթ անց զանգվածը քամել ու պատրաստի լիկյորը շշալցնել, փակել կափարիչով ու պահել արևի ուղղակի ճառագայթներից հեռու։

Տարբերակ 2

Եղրևանու լիկյոր պատրաստելու համար անհրաժեշտ են՝

եղրևանու ծաղիկներ – 60 – 80 գ

շաքարավազ – 300 գ

օղի – 0,5 լ

ջուր – 1 բաժակ։

Եղրևանու լիկյորի պատրաստման եղանակն է․

եղրևանու ծաղիկների 1/3 մասը լցնել օղու մեջ ու թրմել 8 – 12 ժամ, ապա զանգվածը քամել ու հեռացնել ծաղկաթերթերը։ Նույն օղու մեջ նույն ձևով թրմել նաև ծաղիկների հաջորդ չափաբաժինները։

Ծաղիկների վերջին չափաբաժինը քամելուց հետո օղու վրա ավելացնել ջրով ու շաքարավազով եփած ու հովացրած օշարակը։

Յասամանի լիկյորը լցնել ապակե տարաների մեջ ու ամուր փակել կափարիչով։