Լոլիկի հյութ

Տնային պայմաններում պատրաստված տոմատի հյութն ավելի համեղ է ստացվում ու չի պարունակում քիմիական հավելումներ։ Այն կարելի է խմել ինչպես թարմ վիճակում, այնպես էլ պահածոյացնել ու վայելել արևահամ լոլիկների համն ու բույրը ձմռան ցրտին։

Լոլիկի հյութ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

լոլիկ – 1,2-1,3 կգ

աղ – 20 գ

աղացած պղպեղ  ու համեմունքներ – ըստ ճաշակի։

Տոմատի հյութի պատրաստման եղանակն է․

լավ լվացած լոլիկների պտղակոթերը հեռացնել ու մսաղացով աղալ։ Լցնել էմալապատ տարրայի մեջ, դնել կրակին ու եռացնել 1-2 րոպե։ Այնուհետև թողնել՝ հովանա ու մաղել մանր մաղով, որպեսզի հյութն առանձնանա կեղևից ու կորիզներից։

Մաղած հյութը կրկին լցնել տարրայի մեջ ու եփել այնքան, որ այլևս չփրփրի՝ մոտավորապես 10-15 րոպե։

Երբ հյութն արդեն պատրաստ լինի, ավելացնել աղն ու նախատեսված համեմունքները։ Եթե հյութը թթվաշ է, կարելի է ավելացնել 1-2 թ․ գ շաքարավազ։

Պահածոյացնելու համար հյութը լցնել նախօրոք մանրէազերծված ապակե տարրաների մեջ ու եռացնել՝ 0,5 լ տարողությամբ տարրայի դեպքում՝ 5-7 րոպե, 1 լ-անոց տարրայի դեպքում՝ 10 րոպե, 2լ-անոցի դեպքում՝ 15 րոպե, իսկ 3 լ-անոց տարայի դեպքում՝ 20 րոպե։

Եռացնելուց հետո ամուր փակել մետաղական կափարիչով, շրջել, ծածկել տաք ծածկոցով և թողնել, որ թրմվի մեկ օր։